Դու կյանքի՛ս նայիր

Եթե մեկը քեզ իմ մասին պատմի,
Եվ խռովվի քո սիրտը տագնապից,
Անքնությունը աչքերդ պատի,
Դեռ մի՛ հավատա, դու կյանքի՛ս նայիր։
Եվ եթե լցնեն ականջները քո
Համոզեցուցիչ ապացույցներով,
Զգուշացի՛ր դու, սակայն մի՛ շտապիր,
Սխալվես գուցե, դու կյանքի՛ս նայիր։
Գուցե դու լսես կարծիքներ բազում,
Նաև խորհուրդներ շատ վստահելի,
Բայց դեռ մի շտապիր ինձ կորցնելու,
Եղբա՛յր, դու ապրած իմ կյանքի՛ն նայիր…
Չարը քնած չէ, գործում է, եղբա՛յր,
Հրեշտակի պես գուցե հայտնվի
Եվ քեզ համոզի մարդուց էլ ճարտար,
Եղբա՛յր, դու ապրած իմ կյանքի՛ն նայիր…
Հիսուսը Ինքը վկայեց կյանքով,
Եղբա՛յր, դու ապրած իմ կյանքի՛ն նայիր,
Կարծիք մի՛ կազմիր հայտնություններով,
Տեսլիքներով ինձ մի՛ գնահատիր։
Սրանցով երբեք մի՛ չափիր դու ինձ,
Ստուգի՛ր սրանք իմ ապրած կյանքով,
Կյա՛նքն է իրական, կյա՛նքն է ճշմարիտ,
Եղբա՛յր, դու ապրած իմ կյանքի՛ն նայիր։
Մինչև ձեռքերդ չդնես, եղբա՛յր,
Թովմասի նման ապրած կյանքիս մեջ,
Ինձնից զատվելու մի՛ շտապիր բնավ,
Գուցե փոշմանես, գուցե… փոշմանես…

Գարեգին Մխիթարյան