Աբե՞լ ես, թե՞ Կայեն

1
Եթե եղբայրդ քեզնից ավելի
Շնորհք ունենա և վարք գովելի,
Ի՞նչ կկատարվի, եղբա՛յր ջան, քեզ հետ.
Կնախանձե՞ս դու նրան սրտիդ մեջ։
Եթե այդպես է, Կայեն ես, եղբա՛յր,
Քանի դեռ ուշ չէ, շտապի՛ր դառնալ։
2
Թե եղբորդ հետ շնորհքներով լի
(Մարդկանց մեջ՝ փոքր- ինչ քեզնից հարգելի)
Մի ձախորդություն հանկարծ պատահի,
Ի՞նչ կկատարվի, եղբա՛յր իմ, քեզ հետ.
Չե՞ս ուրախանա դու քո սրտի մեջ։
Թե ուրախացար, Կայեն ես, եղբա՛յր,
Շտապի՛ր սիրտդ մաքրելու համար։
3
Եթե դու ինչ-որ դիրքի ես հասել,
Սակայն եղբայրդ (Աստծո կամքն արդար)՝
Քո հասած դիրքին ավելի հարմար,
Ի՞նչ կանես արդյոք. կզիջե՞ս նրան,
Թե՞ ձեռքդ առած զենքերն Ադամի՝
Կհնչեցնես փող պատերազմի։
Եթե այդպես է, Կայեն ես, եղբա՛յր,
Ունայն է հույսդ փրկության համար։
4
Թե Տերը քեզնով բարի գործ անի,
Եվ տկար մեկն էլ քեզ գովաբանի,
Կարծես թե դա քո շնորհքով եղավ,
Ի՞նչ կկատարվի ներսումդ, եղբա՛յր
Կհպարտանա՞ս դու գովասանքից,
Եվ կգողանա՞ս Աստծո փառքից…
Եթե գողացար, Կայեն ես, եղբա՛յր.
Լուրջ խորհել է պետք այս բանի համար։
5
Մարթայի պես թե սպասավոր ես,
Սեղանին ընտիր բարիքներ շարես,
Բայց բարկությունդ ուրիշի վրա
Իզուր կդարձնի բարիքներն առատ։
Թե բարկացող ես, Կայեն ես, եղբա՛յր.
Մտածել է պետք այս բանի համար։
6
Թե ինքդ միայն քո շահը փնտրես,
Բայց ուրիշներին ճառեր բարբառես,
Եվ թե քո շահից մի բան պակասի,
Քո ընդվզումը սուր խոսքեր կասի։
Ապրածդ կյանքն է Կայենին հարմար.
Ի՞նչ օգուտ բերած զոհերդ, եղբա՛յր։
7
Հավատքդ՝ զորեղ, խոսքդ կրակոտ,
Աղոթքդ՝ բազում քար սրտեր փշրող.
Թե ողորմած չէ բնույթդ, եղբա՛յր.
Վերաբերմունքդ՝ ցավոտ, դառնահամ,
Ի՜նչ օգուտ։ Քեզնից տրտմում են, ավա՜ղ,
Քո այդ հավատքով Կայեն ես, եղբա՛յր։
8
Թե մեկի համար շա՜տ բան ես արել,
Բայց, ցավոք սրտի, չես գնահատվել,
Եվ եթե նորից այդ ապերախտին
Քո ձեռք մեկնելու կարիքը լինի,
Եվ թե օգնելուց դու հրաժարվես,
Հաստատ իմացիր, եղբա՛յր, Կայեն ես։
9
Թե ուշադրության պահանջ ես զգում,
Եվ քեզ թվում է՝ էլ քեզ չեն տեսնում,
Թե քեզ չեն գովել, ծանր ես տանում,
Եվ գիշերներն էլ քունդ չի տանում,
Դժվար ես տանում, երբ մեկ ուրիշին
Քեզնից ավելի հարգում են, պատվում,
Աշխարհն էլ կանգնի, դու քո ԵՍ-ն ունես։
Հաստատ իմացի՛ր, եղբա՛յր, Կայեն ես։
10
Թե աշխարհային ցանկությունն առել,
Գրկել ու նրա գերին ես դարձել,
Բայց քողարկել ես խորքերում սրտիդ.
(Չլինի հանկարծ թե մեկը տեսնի).
Եվ մոռացել ես, որ աչքերն Աստծո
Կտրում, անցնում են ամեն մի ծածկոց։
Ապրում ես ինչպես մի փարիսեցի,
Թեև զավակն ես դու Տեր Հիսուսի
(Ախր մեր Տերը ծաղր չի լինի)։
Հեռու չես, եղբա՛յր, վարքից Կայենի։
11
Մի փոքր քարից վրադ են նետում,
Հրաբխի պես ինչպե՜ս ես ժայթքում,
Ու խարխլվում է հաստատությունդ,
Եվ այդ պատճառով փախչում է քունդ,
Ելքեր ես փնտրում վրեժ առնելու
Եվ ճիշտ նույն ձևով փոխհատուցելու…
Խիստ ցավալի է. դու խաբնված ես։
Վարքդ ասում է. որ դեռ Կայեն ես։
12
Թե ինչ- որ մեկն է ելել քո ճամփին,
Խանգարում է քեզ հասնել քո փառքին,
Ելքեր ես փնտրում չար գործ անելու՝
Նրան մեջտեղից վերացնելու։
Լավ, ասենք հասար քո նպատակին՝
Շարքից հանեցիր դու ինչ-որ մեկին։
Սակայն այս բանը լսի՛ր, իմացի՛ր.
Օրեր են գալու(սա հաստա՛տ գիտցիր),
Որ հաղթանակը քո կայենական
Դառն արցունքներիդ պատճառն է վաղվան։
Երանի հիմա սա հասկանայիր,
Կայենի ճամփից դու ետ դառնայիր։
13
Ի՞նչ ենք տանելու մենք այս աշխարհից,
Արի դատարկվենք այս չար բեռներից,
Երկնքից իջած պարգև է, եղբա՛յր,
Ուրախանալը եղբորդ համար,
Եվ Աստվածային ներգործություն է
Եղբորդ համար Աստծուն փառք տալը,
Այստեղ է կյանքը և օրհնությունը,
Եղբոր շնորհքով ուրախանալը։

Գարեգին Մխիթարյան