Հրավերք
Եվ դուք, որ հանցանքներու և մեղքերու մեջ մեռած էիք,
Ինքը ձեզ կենդանացուց։
Եփես.2։1.
Հրավիրում եմ ձեզ բոլորիդ,
Ձե՛զ, ի՛մ քույրեր ու եղբայրներ,
Եկե՛ք հիմա մի պահ հիշենք՝
Ով էինք մենք, ինչ արեց մեզ Հայրը մեր։
Մեզ, որ մեղքի թոկից կախված,
Մեզ, որ հոգով, մարմնով չարին ծախված,
Անվերջ դատող ու բամբասող,
Բայց ինքներս մեր երեսի մուրը երբեք չնկատող…
Սրա- նրա տունը քանդող,
Ամեն մարդու վատը կամող,
Անմեղ մարդուն տառապանքի պատին գամող,
Ե՛վ ստախոս, և՛ նախանձող…
Կգտնվի՞ արդյոք մեկը,
Որի դառն ու թունոտ խոսքից
Չեն արտասվել հայրն ու մայրը։
Կգտնվի՞ արդյոք մի մայր կամ թե մի հայր,
Որը երբեք չի՛ վշտացրել իր զավակին խիստ անտեղի։
Եղան հայրեր, որ լքեցին որդիներին,
Ու լքեցին իրենց կանանց առանց փոքր- ինչ խղճի խայթի։
Քանի՜- քանի մայրեր եղան մարդասպաններ՝ դեռ չծնված զավակների…
Քանի՜ կանայք տրորեցին իրենց պատիվն ոտքերի տակ։
Սպանել ու գողացել ենք,
Թալանել ու միշտ խաբել ենք,
Եվ մեր գործած ոճիրներից գոհացել ենք…
Վատը տեսել, աչք ենք փակել,
Լավի առաջ մեջքով շրջվել,
Հպարտության անսանձ ձիու թամբին հեծած՝
Ընկածին միշտ արհամարհել։
Անգութ ենք եղել, դաժան ենք եղել, եղել ենք գոռո՜զ…
Վառվել է մեր մեջ ցանկասիրության կրակը մաշող,
Ու շնացել ենք, և ամոթն անգամ
Ամաչել է մեր մեղսալից վարքից։
Հայհոյել ենք անգամ ԱՍՏԾՈՒՆ,
Իր Սուրբ Որդուն,
Ե՛վ շուրթերով, և՛ այլանդակ վարք ու բարքով
(Մեղա՜ քեզ, Տե՜ր...)։
Բա՜- վա՜- կա՜ն է, բավակա՛ն է…
Որովհետև եթե փորձեմ շարունակել,
Թվարկել մեր բյու՜ր մեղքերը,
Որոնք ներեց ՀԻՍՈՒՍ ՏԵՐԸ,
Մի կյանք, անշուշտ, չի՛ հերիքի…
Եվ, վերջապես, ցեխի, կեղտի,
Ու տիղմի մեջ անել խրված,
Ինչ-որ մի տեղ, մի թաքուն տեղ,
Մեր սրտի մեջ գիտակցելով, հուսալքված,
Ինքներս մեր վարք ու բարքից հոգնած, զզված,
Երբ բոլորից անդարձ լքված, արհամարհված,
Երբ ուր որ է խեղդվում էինք
Մեր մեղքերի ճահիճի մեջ,
Ատում, դատում ինքներս մեզ,
Հենց ա՛յդ պահին մեր դեմ ելավ փառաց ՏԵՐԸ,
Այնքա՜ն բարի, այնքա՜ն ներող իր հայացքով,
Գուրգուրանքով ու ժպիտով,
Սիրով լեցուն Իր խոսքերով,
Եվ սփոփող ու ամոքող Իր հմայիչ անու՜շ ձայնով։
Տարածելով ձեռքերն՝ ասաց.
«Անչա՜փ հոգնած ես, մոլորվա՜ծ,
Արի՛, որդի՛ս, ինչպես որ կաս,
Կընդունեմ քեզ»։
Արտասուքը խեղդում էր ինձ, խեղդում էր մեզ,
Եկե՛ք հիշենք մենք բոլորս,
Մենք՝ մեկ առ մեկ...
Պատժի էինք մենք արժանի,
Ծանր պատժի ու ապտակի,
Բայց բացել էր ձեռքերը լա՜յն,
Ու կանչում էր մեզ … փրկությա՜ն…
Ներեց նա մեզ մեր արածով, մեր եղածով
Ներեց լրի՜վ, անմնացո՜րդ։
Բավական չէ, որ մեզ ներեց,
Հիշողության մեջ էլ ջնջեց
Մեր մեղքերի նշու՜յլն անգամ,
Ու մոռացավ անդարձորե՜ն, փա՜ռք Քեզ, ԱՍՏՎԱ՜՛Ծ,
Փա՜ռք Քեզ նորեն։
Մենք հաճախ ենք իրար ներում,
Բայց խիստ դժվար ենք մոռանում։
Բավական չէ, որ մոռացավ,
Լվաց Նա մեզ ջրով այն Սուրբ մկրտության,
Որով և մենք մեր Տիրոջ հետ
Ուխտ կապեցինք հավերժության…
Սա՛ էլ նույնիսկ բավական չէր.
Համաձայնեց, որ ճաշակենք, հաղորդ լինենք
Իր Մարմնին և Սուրբ Արյա՜ն…
Հաղորդությա՜ն…
Մեղա՜ Քեզ, Տե՜ր։ Ո՞վ էի ես, ո՞վ էինք մենք,
Որ թույլ տվիր ճաշակելու մարմինդ Սուրբ,
Ո՜վ, Տե՜ր ԱՍՏՎԱԾ,
Եվ Արյունդ, որ ծորում էր հարվածներից անտանելի,
Վերից ի վա՛ր…
Բավական չէր նույնիսկ ա՛յս էլ։
Եկավ մի պահ, երբ հաճեցա՛վ
Այս ամենի Արարիչը,
Անծայրածիր տիեզերքի Ստեղծիչը
(Որի համար երկիրը սոսկ պատվանդանն է Սուրբ ոտքերի,
Եվ չի՛ կարող լինել Նրան բնակարան
Տիեզերքն էլ անծայրածիր) ասաց.
«Հիմա քո՛ մեջ պիտի Ես բնակվեմ»։
Ու երկնքից կրակի պես
Իր Սուրբ Հոգին առատորեն տվեց Նա մեզ…
Փա՜ռք Քեզ, ԱՍՏՎԱ՜Ծ, փա՜ռք Քեզ կրկին։
Որքան էլ Քեզ փառք տանք, Տե՛րս,
Քի՛չ է դարձյալ,
Այն, ինչ որ Դու մեզ արեցիր,
Ո՛չ մի բանով չի՛ հատուցվի,
Միայն կասեմ, ո՜վ Տեր ԱՍՏՎԱԾ, ունենք մի սիրտ,
Որ պատրաստ ենք հանձնելու Քեզ։
Դու մի՛ նայիր նրան, Տե՛րս,
Որից միայն թույն է թափվում,
Ա՛ռ ու մաքրի՛ր ուզածիդ պես,
Որ չլինի՝ այսքան բարի՛ք նրան տվիր,
Հանկարծ ու Քո ճամփից… շեղվի։
Աստված չանե՛, մի՛ արասցե,
Արցունքներով խնդրում ենք Քեզ,
Պահե՛, Տե՛րս,
Ինչպես որ Դու ողորմած ես,
Ողորմյա՜ մեզ, մինչև հասնենք Հանգիստդ Սուրբ,
Նո՜ր հանդիպում,
Հավերժությու՜ն…
Գարեգին Մխիթարյան