Մոր աղոթքը
Մայրերի տոնն էր, մայրերի օրն էր։ Մարդիկ ժպտում էին, երկինքն էլ էր ժպտում։ Գեղեցիկ կապույտ էր։ Արևն էլ էր ժպտում, ջերմություն կար։ Ե՛վ եղանակն էր ջերմ, և՛ մարդիկ։ Հեռուստացույցով, թերթերով, բոլոր միջոցներով շնորհավորում էին մայրերին։
Ծաղիկնե՜ր… ծաղիկնե՜ր…։ Այդ օրը շա՜տ-շատ ծաղիկներ էին վաճառում։ Բոլոր մայրերի նման մի մայր էլ՝ Շուշան անունով, մտովի որդու հետ էր, ապասում էր նրա զանգին։ Եվ այն է, պատրաստվում էր աղոթքի, հնչեց հեռախոսի զանգը. Արմենն էր,- «Մայրի՛կ ջան, մա՛մ ջան, շնորհավոր տոնդ՝ Մայրերի օրը, համբուրում եմ քեզ շա՜տ-շատ»։
-Մա՛մ ջան, քեզ ուրախ լուր ունեմ հայտնելու։ Երեկ զորամասի հրամանատարը ինձ կանչեց իր մոտ և ասաց, որ իրենք գնահատում են իմ ազնիվ ծառայությունը և ապա ժպտալով՝ ավելացրեց. «Գիտենք, որ միայնակ մայրիկ ունես, որն, անշուշտ, շատ կուզենար, որ իր որդին մայրերի տոնի առթիվ գեղեցիկ ծաղիկներ նվիրեր»։
Մա՛մ ջան, ես շփոթվել էի անսպասելի լուրից և չգիտեի, թե ինչ պատասխանեմ, իսկ նա շարունակեց. «Ես հանձնարարել եմ վարորդիս՝ քեզ հասցնի այնտեղ, որտեղից ձեր գյուղը հեռու չէ. ցանկացած հանդիպող մեքենա քեզ տուն կհասցնի»։
Պատկերացնո՞ւմ ես, մայրի՛կ ջան, ինձ մեկնեց մի փունջ կարմիր գեղեցիկ վարդեր և ասաց. «Սա էլ մեր զորամասի կողմից քո մայրիկին, որ այդքան լավ զինվոր է պարգևել հայրենիքին»։ Այսօր երեկոյան տանը կլինեմ։ Մայրի՛կ ջան, որոշել եմ սիրտս տալ Տիրոջը։ Այս մեկ տարվա ընթացքում Տիրոջ ներկայությունը շատ զգալի էր։ Գիտեմ, որ սա նաև աղոթքների հետևանքն է»։
- Մայրի՛կ, դու ինձ լսու՞մ ես, մա՛մ ջան, ինչու՞ չես խոսում, ես շատ ուրախ եմ, ի՞նչ է, մի՞թե դու ուրախ չես։ Բայց այս ի՞նչ եմ ասում։ Ների՜ր, մայրի՛կ ջան, ների՛ր։
- Ոչինչ, որդի՛ս, սիրելի՛ զավակս, կսպասեմ, շատ չուշանաս։ Կպատրաստեմ քո սիրած կերակուրը։ Կկանչեմ քույր, եղբայրներիս և նրանց կփոխանցեմ գալուցդ ավելի սրտիս ուրախություն պատճառած հրաշալի որոշումդ, որ կամենում ես Տիրոջը դառնալ։
Արմենը, կախելով լսափողը, սկսեց պատրաստվել։ Հագավ իր նոր զինվորական հագուստն ու տաք վերարկուն։ Ամեն բան պատրաստ էր։ Դեռ երեսուն րոպե կար մինչև վարորդի գալը։ Ա՛յ քեզ ժամանակ, ինչ դժվար է անցնում։ Վերջապես եկավ վարորդը։ Արմենը հրաժեշտ տվեց ընկերներին և նստեց մեքենան։ Երեք ժամ տևեց մինչև հասան այն խաչմերուկին, որտեղից պիտի գնար տուն։ Մեքենայով մոտ մեկ ժամվա ճանապարհ։ Օրը կամաց կամաց մթնում էր։ Ա՜յ քեզ բան, ուրիշ ժամանակ այստեղով շատ հաճախ էին անցնում մեքենաները, իսկ այսօր կարծես հակառակը լինի, ի՞նչ պատահեց։ Ուզում էր զանգել մորը, որ չանհանգստանա, բայց հեռախոսը գրպաններում չէր։ Որքա՜ն ափսոսեց, հավանաբար մոռացել էր զորամասում։ Իսկ մեքենա չկար ու չկար։ Սկսեց մրսել։ Միակ բանը, որ ջերմացնում էր իրեն, վերարկուի տակ պահված մոր կարմիր վարդերն էին։ Որոշեց քայլել դեպի տուն, մինչև ճամփին ինչ-որ բան կպատահի։ Ցուրտը ավելի էր սաստկանում։ Սկսեց թեթև վազել, որ տաքանա։ Օրը բոլորովին մթնեց։ Իսկ առջևում դեռ երկար ճանապարհ կար։ Մի պահ ոոշեց հենվել ծառին, որ հանգստանա։ Եվ այն է, պիտի փակվեին աչքերը, ոռնոցի ձայն լսվեց։ Սթափվելով՝ արագացրեց քայլերը։ Օ՜, ինչ հրաշալի Աստված, Փրկիչ Աստված։ Դու անգամ չարիքը օգտագործում ես բարիի համար։ Եթե քներ այս երիտասարդը, մինչև առավոտ նա սառած, մահացած կլիներ։ Իսկ մայրը կանչել էր քույր, եղբայրներին՝ նրանց հետ դիմավորելու որդուն։ Սպասեցին, սպասեցին, քանի որ արդեն ուշ էր աղոթեցին՝ հոգսը հանձնելով Տիրոջ ձեռքերի մեջ, բաժանվեցին։ Մայրը նայում էր ժամացույցին. արդեն գիշերվա տասնմեկն էր. որդին վաղուց պիտի տանը լիներ։
Արմենը քայլում էր որքան կարելի է արագ։ Ձյան հաստ շերտից ոտքերը սկսել էին սառչել և հոգնել։ Հեռվում նկատեց փայլող փոքրիկ կրակներ, որոնք գնալով ավելի ու ավելի էին մոտենում։ Գայլեր էին, սոված գայլեր։ Շրջապատումից խուսափելու համար մեջքը դեմ տվեց ճանապարհին ավերակ դարձած մի տան պատին։ Ոչինչ չուներ պաշտպանվելու համար։ Անկախ իրենից վերարկուի տակից հանեց մոր կարմիր վարդերն ու պարզեց դեպի գայլերը։ Նրանք կանգ առան և անսպասելի ետ-ետ գնացին։ Արմենը գլուխը բարձրացրեց երկինք և սկսեց աղոթել։
«Տեսա Շուշան քույրիկի որդուն՝ Արմենին, գալիս էր գյուղ բերող ճանապարհով դեպի տուն, իսկ շուրջը թանձր խավար էր, այնպիսի խավար, որ կարծես ուզում էր նրան կուլ տալ։ Եվ տեսա նրա ձեռքին մի փունջ կրակներ, որոնք թույլ չէին տալիս, որ խավարը մոտենար իրեն։ Սակայն խավարից մի փոքր բան պոկվեց և վնասեց նրա ոտքի ներքևի մասը։ Ես հարցրեցի՝ ինչու՞, Տեր։ Տերը պատասխանեց. «Որ միշտ նայի վնասված տեղին ու հիշի Իմ՝ նրա նկատմամբ արած ողորմությունը»։ Հետո մի ձայն հասավ ականջիս. «Այն մեքենան, որը ես ձեզ նվիրեցի, այսօրվա համար էր»։ Հովիվն իրեն տրված իմաստությունով հասկացավ, թե ինչ էր ուզում ասել Տերը։ Իսկույն վեր ելավ, գործի գցեց մեքենան և սլացավ գյուղ բերող ճանապարհի ուղղությամբ։ Նրա ետևից ելավ երեցկինը և, չնայած ճանապարհն այնքան էլ անվտանգ չէր, գնաց Շուշան քույրիկի մոտ։
Այսպես աղոթում էր մայրը, իսկ դրսում դանդաղ շաղում էր ձյունը։ Հավանաբար ոչ մեկի սրտում չկար տագնապ, կամ ինչ-որ մեկին չէին սպասում։ Բայց այս փոքրիկ տան լապտերի լույսը չէր հանգել։ Այս տան մեջ ինչպես լապտերի պատրույգի ծուխն էր բարձրանում վերև, շշնջալով երկինք էր բարձրանում մոր ցավը, աղերսախառն հառաչանքները։ Մայրը բոլորովին ինքնամոռաց, շուրթերը իր Փրկչի ոտքերին, գտել էր որդու փրկության և պահպանության միակ ելքը։ Եվ ոչ ոք չէր կարող բաժանել Հիսուսի ոտքերը գրկած մոր ձեռքերը։ Մայրը ինքն էլ էր զգում, որ պատերազմ է, և բոլորովին միտք չուներ դադարեցնելու աղոթքը։ Եվ է՛լ ավելի ջանքով բորբոքված դանդաղ բարձրանում էր աղոթքի լեռը։
Արմենի ձեռքերը սկսել էին սառչել։ Թեև հոգնած և ուժասպառ, սակայն շատ էր զարմանում այս խիստ տարօրինակ երևույթի վրա։ Երբ վարդերը ձեռքի հոգնածության պատճառով ներքև էին իջնում, գայլերը մոտենում էին իրեն, իսկ երբ վարդերը մի կերպ բարձրացնելով դեմ էր անում նրանց, նրանք ետ-ետ էին փախչում։ Արմենը գիտեր, որ գայլերը վախենում էին կրակներից, բայց չէ՞ որ իր ձեռքին ընդամենը վարդեր էին։ Նա հետո էր հասկանալու, երբ արդեն կլիներ հաստատված, փորձություններով անցած քրիստոնյա, որ Տերը իր ձեռքի յուրաքանչյուր կարմիր վարդը այրող կրակների էր վերածել գայլերի աչքին, որից էլ նրանք սարսափած ետ-ետ էին փախչում։ Գյուղում մութ գիշեր էր։ Միայն մի լույս էր վառվում այդ գիշեր գյուղի հեռու մի անկյունում, ուր մի մայր, մի օրհնյալ քույրիկ, ձեռքերը արած խնկաման, խունկից ավելի անուշահոտ, արցունքախառն աղոթքն էր բարձրացնում առ Աստված որդու համար։
Այս վերջին խոսքերից անմիջապես հետո նրա վրա իջավ հրաշալի խաղաղություն, և մահճակալի առջև ծնկների վրա աղոթող մոր գլուխը թեքվեց արցունքներից թաց վերմակին, ու քունը տարավ։
Քիչ հետո ներս մտավ երեցկինը և, նկատելով ծնկների վրա քնով անցած քույրիկին, համրաքայլ անցավ հարևան սենյակը և ծնկի գալով Տիրոջ առջև՝ սկսեց աղոթել։
Արմենն արդեն ուժասպառ, ողջ մարմնով սառած, նայեց երկնքին ու շշնջաց։ «Դու թույլ չե՜ս տա, դու թույլ չե՜ս տա…»։ Գայլերը շատ էին մոտեցել, էլ ուժ չկար վարդերը վերև բարձրացնելու, և այն է, պիտի ընկներ գետնին…, հանկարծ լսվեց հեռարձակ լույսերը վառած մեքենայի շարժիչի հուժկու ձայնը։ Գայլերը մի պահ ընկրկեցին ու ետ քաշվեցին։ Հովիվ եղբայրն էր։ Արագ մոտեցավ Արմենին՝ մեքենայի ընթացքը դանդաղեցնելով, բացեց կողքի դուռը բղավելով՝ Նստի՛ր։ Արմենը վերջին ճիգով իրեն նետեց մեքենայի մեջ, սակայն չհասցրեց աջ ոտքը ներս քաշել, երբ գայլերից մեկը բաց դռնից ներս խոթեց գլուխը և ժանիքներով վնասեց նրա ոտքի ներքևի մասը, բայց կարծես մի հուժկու հարվածից զարնված՝ կաղկանձելով ետ փախավ։ Մեքենան սլացավ առաջ։ Ամեն բան մնաց ետևում։ Արմենը պատռեց վերնաշապիկը և կապեց վնասված ոտքը։ Ճանապարհին արցունքախառն խոստովանություններով նա իր սիրտը հանձնեց Տիրոջը։ Հասան տուն։ Արմենն արագ իջավ մեքենայից և կաղալով մոտեցավ դռանը։ Երկու կանայք մեքենայի շարժիչի ձայնից սթափված դուրս նետվեցին։ Հովիվն ու երեցկինը երկար ժամանակ մորն ու որդուն չէին կարողանում բաժանել իրարից։ Աստծո չորս զավակներ գոհության և փառաբանության աղոթքներով դիմավորում էին արշալույսը։
Սիրելի՛ մայրեր, թողե՛ք ամեն բան, աղոթե՛ցեք ձեր զավակների համար։ Սիրելի՛ տատիկներ, թողե՛ք ամեն բան և այն, ինչ որ չեք արել ձեր զավակների համար, պակասը լրացրեք՝ աղոթելով ձեր թոռների համար, որովհետև նրանց շրջապատում են ոչ թե ոռնացող գայլերը, այլ սատանան, որ մռնչացող առյուծի նման փնտրում է՝ թե ում կուլ տա։
Գարեգին Մխիթարյան