Երգ հարսանիքի
1
Փեսա
Օրիորդներ շատ են և աննման,
Բայց դու մի հատ ես, սիրելի՛ս,
Երգս սառնորակ ջրի է նման,
Որ զովացնի սի՛րտդ, սիրելի՛ս,
Թանձր, վայրի մեղրի նման
Խոսքերս քաղցր են, սիրելիս,
Անուշահոտ յուղի նման
Թող քիմքդ շոյեն, սիրելի՛ս։
Գոհության աղոթքներ թող բարձրանան
Իմ սրտես առ Աստված, սիրելի՛ս,
Քեզ նման կույսին կարժանանամ,
Թանկ նվեր Հիսուսից, սիրելի՛ս։
2
Հարս
Խոսքերդ ոսկե խնձորներու պես
Դրված են արծաթե զարդերի մեջ,
Հոգիիս զվարճությունն են, սիրեկանս,
Դու կյանքիս միակ բարեկամը,
Հիսուսով ինձ տրված թանկ պարգև,
Ինձ համար ընտրված սուրբ ընկեր։
Այդ ինչպես պատահեց՝ հաճեցիր
Քղանցքդ նետելու ինձ վրա,
Ա՜խ, ինչպե՜ս գոհանամ իմ Փրկչից
Այս առատ օրհնության համար։
Ո՞վ էի, կամ ո՞վ էր իմ տունը,
Որ Տերս լիացրեց իմ տունը,
Հիսուսով ինձ տրվեց հրաշք հույս,
Եվ սրտիս մեջ վառվեց առատ լույս։
3
Փեսա
Հոտավետ ծաղիկ էլ մի՛ փնտրեք,
Այս մեկն էր, այն էլ ես պոկեցի,
Գիշերվա աղոթքով եմ գտել,
Սրտիս մեջ աղոթքով տնկեցի։
Իմ սիրտը այրվում է կրակով,
Հիսուսով լցվելու փափագով,
Ծաղի՛կս, չգտա քեզ հարմար,
Սրտիցս թանկ ուրիշ ծաղկաման։
4
Հարս
Աստված շնորհե ինձ խոնարհ սիրտ,
Բորբոքեմ կրակը սրտիդ մեջ,
Որ երբեք չարգելեմ աղոթքներդ,
Կրակդ թող լցվի սրտիս մեջ։
Հոգուս մեջ գարուն է, բուրմունք կա,
Անծանոթ, հաճելի հուզմունք կա,
Մարում եմ, քա՛ղցրս, չուշանաս,
Առանց քեզ երկար չմնամ։
5
Փեսա
Հարս քո՛ւյրս, Սուրբ Գիրքը ձեռքիս մեջ,
Նրանով քեզ պիտի զարդարեմ,
Սուրբ Խոսքը Երկուսիս սրտի մեջ՝
Ձեռք ձեռքի միասին կքայլենք։
Կսրբեմ, կմաքրեմ քեզ Ջրով,
Որ լինես անարատ, փառավոր,
Գինովցած շուրթերիդ խոսքերով՝
Պարզերես կքայլեմ Հիսուսով։
6
Հարս
Մասիս սարի պես առնական ես դու,
(Ձյունե ծածկոցը մեծ խորհուրդ ունի),
Հիսուսի արյամբ ճերմակել ես դու
Ի՛մ կյանքի ընկեր, ի՛մ առաքինի։
Հավատքդ թո՛ղ որ զորանա Տերով,
Թո՛ղ սիրտս լցվի ճշմարիտ սիրով,
Ձմեռս անցավ՝ անձրևի շաղ կա,
Եվ սրտիս վրա ծաղկունք կերևնա։
7
Փեսա
Ինչպես վարդը ծաղիկների մեջ,
Այնպես հարսնացուս օրիորդների մեջ,
Որչա՜փ գեղեցիկ և որչա՜փ քաղցր ես,
Եվ քո բերանից անուշ կբխե։
Աչքերդ պարզ են արշալույսի պես,
Հոգով խոնարհ ես և սրտովդ՝ հեզ,
Դրա համար էլ սիրտս քե՜զ ընտրեց,
Դրա համար էլ հոգիս գտավ քեզ։
8
Հարս
Սուրբ ձեռքերդ ինձ հովանի լինեն,
Եվ թող որ սրտանց քեզ խոնարհ լինեմ,
Ինձանից քաղես հոգու պտուղներ,,
Դու իմ առաջին և իմ վերջին սեր։
Հիսուսով ծնված եղբա՛յրս անգին,
Հիմա դառնում ես ընկերն իմ կյանքի,
Դու իմ սու՛րբ եղբայր, իմ սու՛րբ ամուսին,
Իմ միակ հրճվանքն այս հարսանիքի
(նշանդրեքի)։
9
Փեսա
Ծառից նոր քաղած խնձորի նման
Թարմ բուրմունք ունես և համ աննման,
Սիրտս կապված է խոպոպներիդ հետ
Իր որթից կախված ողկույզների պես։
Ծաղկա՛ծ նռնենի, թող օրհնյալ լինի
Մեր տերը, որ քեզ վերստին ծնեց,
Տիրոջ այգու մեջ բացվա՛ծ նշենի,
Քեզ այսքան տարի ինձ համար պահեց։
Դու դաշտի՛ ծաղիկ, դու իմ նու՛րբ շուշան,
Կնքված Սուրբ Հոգով փրկության համար,
Քեզ հետ միասին ձեռք ձեռքի տված՝
Ամպերով կելնենք մենք Տիրոջ առաջ։
Ոսկորներիցս մեկն էիր բացակա,
Եկա՜ր, լրացրիր դատարկությունս,
Դու իմ աղավնի՜, դու իմ կատարյա՜լ,
Տիրոջ հրաշքն է ներկայությունդ։
Հարս
10
Տերս ինձ կնքեց հզոր Սուրբ Հոգով,
Լվաց իր արյամբ, քավչարար խոսքով,
Իր հզոր ձեռքով խավարից հանեց,
Իր որդու փառքին ինձ արժանացրեց։
Այսքան բաները բավական չէին
(Իր աչքին կարծես թե քիչ երևաց),
Մխիթարության առատ շնորհքով
Քեզ ինձ պարգևեց, Հիսուսի՛ զավակ։
11
Փեսա
Ի՛մ օգնականս, քեզ Խոսքի Ջրով պիտի լիացնեմ,
Քեզ Ավազանի Ջրով լվանամ,
Որ եթե հանկարծ մի փոքր հոգնեմ,
Քո հորդորանքի խոսքով զորանամ։
Որ եթե հանկարծ մի տեղս ցավի,
Պաշար ունենաս ինձ ամոքելու,
Որ դեղ ունենաս դու Աստծո խոսքից՝
Հավատքիդ խոսքով ինձ բժշկելու։
12
Հարս
Իզու՛ր մի՛ փնտրեք, դժվար թե գտնեք,
Ուրիշ էլ ո՞վ կա Փեսացուիս պես,
Որ արդարության զրահը կրծքին,
Դրած փրկության սաղավարտ գլխին,
Որ ճշմարտության գոտին է կապել,
Եվ խաղաղության Ավետարանի
Պատրաստությունն է ոտքերին հագել,
Վահանով ամուր՝ լեցուն հավատքով,
Հոգիի սրով՝ խոսքով կրակոտ
Տիրոջ դաշտի մեջ քայլում է հոգով։
13
Փեսա
Աղջիկ ընկերներ դու շա՜տ- շատ ունես,
Որ հորս տունը քեզ պիտի բերեն,
Բայց, ի՛մ հարսնացուս, դու միա՛կն ես,
Որ ներսից ու դրսից փառավոր ես։
Քեզ չես զարդարել դու հյուսվածքներով
Եվ ունայնության զարդարանքներով,
Հապա քո ներսը անկեղծությամբ հեզ
Հանդարտ հոգիի շողշողուն զարդն է։
Վերին որոշմամբ դրված սրտիս մեջ,
Հա՛րս քույրս, հոգիս քո հոգուն հարեց,
Եվ հիմա, այսօր, այս հարսանիքին
Սրտիս խոսքերն եմ դավանում կրկին։
Ես իմ անձիս պես քեզ պիտի սիրեմ,
Դու իմ մարմնիցն ես, իմ ոսկորիցը
Մաքրեմ քեզ Աստծո Խոսքի Սուրբ ջրով
Եվ անձս մատնեմ քեզ համար սիրով։
Թողնեմ ամեն բան, հարեմ միայն քեզ.
Երկնային փառքի ժառանգակիցս ես,
Տերը զորացնի. Իր խոսքը պահենք,
Միասին հավերժ երկնքում լինենք։
14
Հարս
Ի՛մ կյանքի ընկեր, անարա՛տ եղբայր,
Թող որ ես լինեմ քո սրտին հարմար,
Գիշերով ելնեմ, կերակուր եփեմ,
Ավետարանից պտուղներ քաղեմ։
Մեջքս զորացնեմ խոսքով Հիսուսի,
Լինեմ քեզ համար հոգով խոնարհ կին։
Եվ գիշերային ճրագն աղոթքիս
Թող լուսավորի ճամփան ոտքերիդ։
Ծածկոցներ գործեմ իմ սիրեկանիս,
Հանդերձդ լինի բեհեզ, ծիրանի,
Լինեմ այնպիսին, որ դու մարդկանց մեջ,
Չքաշվես երբեք, քայլես պարզերես։
Եվ Աստծո խոսքով բերանս բանամ
Ու վրադ շաղ տամ քաղցր մանանան,
Քեզնով աղքատին ձեռքերս բանամ,
Տուն բերած հյուրիդ ընդունեմ սրտանց։
Թող աղախինդ Տիրոջ սուրբ վախով
Ապրի շուրթերիդ խրախուսանքով։
Քեզ հետ միասին անբաժանելի,
Քեզ հետ միասին ձեռք ձեռքի տված՝
Տերն արժանացնի երկնային փառքին,
Ժառանգենք Տիրոջ պսակը փառաց։
(Այս երգը կատարում են հարսանիքների ժամանակ՝ եղբոր և քրոջ երկխոսությամբ)։
Գարեգին Մխիթարյան