Հիշի՛ր, ծնվել ես ապրելու համար

Եվ ան ամենը, որ կենդանի է ու ինձի կհավատա,
հավիտյան պիտի չմեռնի։ Հովհ. 11։26
Թե մտածում ես դու մահվան մասին,
Թե տանջում է քեզ մեռնելու վախը,
Կամ թե փնտրում ես դու ինչ-որ մեկին,
Որ սփոփի քեզ, հասկանա ցավդ…
Թե պատել է քեզ հուսահատության
Թանձր մշուշն, ու չես գտնում ճամփան,
Կա՛նգ առ դու, ո՛վ մարդ, լսի՛ր ինձ մի պահ,
Ես ունեմ խոսքեր մխիթարության։
Հիմա բերել եմ քեզ Բարի լուրը,
Որ չտանջի քեզ մեռնելու լուրը։
Երբ մի օր վերջին օրը քո մթնի,
Սարսափի դողը սիրտդ չպատի,
Այսօր եկել եմ ասելու համար,
Որ դու չես ծնվել մեռնելու համար։
Հիմա ես ունեմ խոսքեր ասելու,
Որ դու կոչված ես միայն ապրելու։
Եկել եմ այսօր քեզ հիշեցնելու,
Որ ԱՍՏՎԱԾ տվեց Որդուն՝ խաչելու։
Որ դու թանկ գնով առնված մեկն ես,
Որ անարգ մահից դու չսարսափես…
Եկել եմ այսօր սթափեցնելու
Քեզ համար և քո ոտքերն ընկնելու,
Որ հիմա չապրես մեռնելու համար,
Կյանք ունես պահված ապրելու համար։
Քանզի լավ գիտեմ սարսափն այն գալիք,
Ուր ոսկորներն են հալչում կրակից,
Ուր պիտի զղջաս, բայց ներում չկա,
Ուր արցունքներիդ սփոփանք չկա։
Լսի՛ր, գուցե դու վաղը չլինես,
Կամ գուցե վերջին ժամն է քո կյանքի,
Խորհե՞լ ես արդյոք՝ մահվանից հետո
Թշվառ վիճակդ ի՞նչ պիտի լինի…
Հեքիաթ չէ սա, և ցնորք չէ բնավ,
Ճշմարտությունն եմ ես քեզ վկայում,
Հաշիվ պիտի տաս այս կյանքի համար,
Չես ծնվել միայն ա՛յս կյանքն ապրելու։
Թո՛ղ մարդիկ կոչեն ինձ խելագարված.
Քո վաղվա ցավը աչքերիս առաջ՝
Եկել եմ հիմա աղաղակելու՝
Ո՛վ մարդ, հիմա է ժամն արթնանալու։
Որ կա փրկություն, անունը՝ ՀԻՍՈՒՍ,
Որ խաչը ուսին, լուռ ու անտրտունջ
Անիծյալ եղավ քեզ համար խաչին,
Եվ արյուն թափեց, որ հոգիդ փրկի։
Եվ թե ընդունես Փրկչիդ կենդանի
(Նրա ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ ներկա է հիմի),
Մահը քեզ համար՝ խայթոցը հանած,
Մի թունազերծված օձ պիտի լինի։
Եվ նրա վրա պիտի ծիծաղես,
Եթե նա մի օր քո դուռը թակի։
Կսպասես նույնիսկ դու նրան սիրո՜վ,
Քանզի գալիս է նա քեզ տանելու
Այնտեղ, ուր իր բյուր հրեշտակներով
ՀԻՍՈՒՍՆ է սիրով դիմավորելու։
Նա քո սրտի հետ խոսում է հաճախ,
Եվ իր մեծ սերն է քեզ պարզել հիմա,
Քեզ չի՛ հարկադրում, չի՛ ստիպում բնավ.
Էլ ի՞նչ սեր, եթե կամքին բռնանա։
Լսի՛ր, բարեկա՛մ, խորհուրդս մի պահ,
Փրկչի անունով բերել եմ ահա,
Ընդունի՛ր դու այն սրտիդ մեջ տկար,
Որ կյանք ունենաս հավիտենական։
Իսկ թե չընդունես, իմ… խե՛ղճ բարեկամ,
Դառնում ես պատճառ քո ողբերգության։
Չես ունենալու նույնիսկ այս կյանքում
Մտերիմ ընկեր, ազնիվ բարեկամ,
Քո հոգսերի մեջ չես սփոփվելու,
Քո արցունքները ո՞վ է սրբելու։
Ցավս այն է, որ չարը խորամանկ,
Սին հույսերով է քեզ օրորելու,
Եվ պատրանքներով կեղծ հաջողության
Նա քո սիրտն է Փրկչից զատելու.
Այսօր կտա, վաղը կտանի,
Բայց և մի քիչ քեզ կթողնի,
Որ դու ապրես էլի՛ հույսով,
Վաղվա օրվա սին խաբկանքով։
Եվ քո ականջին պիտի շշնջա,
- Ծնվել ես կյանքում միայն մեկ անգամ,
Հասկացի՛ր, ո՜վ մարդ, էլ չես ծնվելու,
Ձեռքիցդ մի՛ թողնիր պահը ապրելու։
Նա չի՛ պատմելու քեզ մահվան մասին,
Միտքն այդ հեռու է քեզնից վանելու,
Փորձով լավ գիտե՝ նեղության ժամին
Տիրոջ փրկության դուռն ես զարնելու։
Ասում եմ ես քեզ մեկ անգամ ևս,
Հիսուսն է սիրով կանգնած առջևդ,
Խոցված ձեռքերը քեզ վկայություն,
Նա մեռավ, որ դու չմեռնես կյանքում։
Քո կյանքի համար, իմ լա՛վ բարեկամ,
Հիշեցնում եմ քեզ մի վերջին անգամ.
Հիշի՛ր՝ ծնվել ես ապրելու համար,
Այլ ո՛չ տանջանքի հավիտենական։

Գարեգին Մխիթարյան