Խաչելություն
1 Տիմոթեոս 3։16
Աստված մարմնով հայտնվեցավ…։
Աստված էիր, սակայն եկար
Մարդու որդի կոչվեցիր,
Որ այսօր ինձ՝ մարդու որդուս
Աստծո որդի կոչեիր։
Մ. Սվարյան
Ու Պիղատոսը նետեց վերից վար
ՀԻՍՈՒՍԻ մահվան վճիռն անարդար,
Արյունի ծարավ գազազած մարդիկ
Փրկչի մարմինը հափշտակեցին։
Ծեծվելով ինչպես մեղապարտ վերջին՝
ՀԻՍՈՒՍ, որ եկավ փրկության համար,
Ծանր խաչն առած վտիտ ուսերին՝
Դանդաղ քայլում էր դեպի Գողգոթա։
Ընկնում էր հաճախ, էլ չէր դիմանում
Մարմինը ցավոտ հարվածների տակ,
Ծնկներն այլևս չէին ենթարկվում.
Ինչ ծա՜նր էր խաչը ուսերին դրված։
Փշե պսակը խայթոցների պես
Արյունոտում էր ճակատը վսեմ,
Եվ ապտակները թուք ու մրի հետ
Զարնվում էին երեսին լուսե…
Եվ շառաչում էր մտրակը մեջքին,
Երբ տկարանում, ընկնում էր հանկարծ,
Բայց աղոթում էր նույնիսկ այդ պահին
Մեր գարշ մեղքերի թողությա՜ն համար։
Եվ աղերսում էր՝ հայացքը երկինք.
«Ողորմա՜ նրանց, ով Հա՜յր իմ բարի,
Նրանց համա՜ր եմ այս խաչը կրել,
Նրանք բաժինն են չարչարանքներիս…»։
Այլևս ուժ չկար, ու գետնատարած,
Հազիվհազ կառչած սեփական խաչից՝
Փրկիչն է զոհվում աշխարհի առաջ՝
Աշխարհի մեղքը առած ուսերին…։
Հասան Գողգոթա… պիտի կատարվեր.
Այն միակ դեպքը այս մեծ պատմության,
Կորուստ պատճառող մահը պիտ մեռներ
Հիսուսի մեխված ոտքերի առաջ…
Քիչ այն կողմ կանգնած (մարդկանցից հեռու)
Մարիամն էր նայում իր խաչված Որդուն։
Դեռ չգիտեր նա, որ խաչի վրայ
Փրկիչն էր զոհվում համայն մարդկության։
Սիրտն էր կրակվում անզորությունից՝
Սառած աչքերով նայելով վերև,
Ո՜նց էին տանջում Իր Որդուն անմեղ,
Որ պատժի համար ոչ մի մեղք չուներ։
Կուրացել էին մարդիկ աչքերով,
Եվ ականջներով խլացել անդարձ.
Մոռացան կույրի բացված աչքերը,
Հաշմանդամներին՝ Խոսքով բժշկված։
Մոռացան նույնիսկ չորս օրվա մեռած,
Հարությու՜ն առած Ղազարոսն անգամ,
Հրա՜շք՝ ո՛չ եղած, ո՛չ էլ տեսնված…
Աչքով կույր եղա՛ն, սրտով՝ քարացած։
Նայում էր, մայր էր, և հիմա նրան,
Ուրիշ ո՛չ մի բան չէր մխիթարում,
Քանզի տեսնում էր, որ խաչի վրա,
Իր Որդին ցավից ո՜նց էր տանջվում։
Ու շշնջում էր համրացած ձայնով,
Կրծքից դուրս եկող ցավով անսփոփ,
«Հիսու՜ս, զավա՜կս, թող ի՛նձ խաչեին,
Միայն թե, որդի՜ս, քեզ չտանջեին»։
Շուրթերն էր ուզում հպել վերքերին,
Համբույրով մեղմել տանջող ցավերը,
«Որդի՜ս, երանի թե կուրանայի,
Չտեսնեի քո տառապանքները…»։
Եվ ամեն անգամ, երբ հարվածների
Ցավից ցնցվում էր մարմինը Որդու,
Թեև այդ պահին մարդկության համար
Փրկության վերջին Զոհն էր մատուցվում,
Թեև իր Որդու խոցված մարմնի
Վերքերից քավի՜չ արյունն էր հոսում,
Մարիամը մայր էր, և նրա սրտում
Որդու ցավերից դաշույն էր խրվում։
Մինուճար չէր, բայց միակն էր նրա,
Իր առաջնեկը, Հոգուց հղացած,
Եվ ինքն անզոր էր…Անմեղ իր Որդին
գամված էր խաչին… արյունաշաղախ…
Ուզում էր մեկնել ձեռքերը վերև,
Մատներով հանել գամված մեխերը,
Արցունքն էր անզոր աչքերում սառել,
Սիրտն էր խոցոտում Որդու ցավերը։
Նայում էր Որդին. Որդին ԱՍՏՎԱԾ էր.
Բայց և այդ պահին զավակն էր իր մոր։
Ա՜խ, երանի թե մայրը վեր ելներ,
Ափերով սրբեր քրտինքն արյունոտ…
Ծարավ էր այնպե՜ս... շուրթերը նրա
Ցավերի միջից ջուր էին խնդրում,
Թշվառ մոր սիրտը ինչպե՞ս դիմանա,
Ջրի փոխարեն քացախ են մեկնում…
Մարիամը մայր էր, քույրե՛ր, եղբայրնե՛ր,
Այն մեծ գաղտնիքը չէր բացված նրան,
Որ խաչին գամված սիրելի Որդին
Փրկության դուռն էր բացում… մարդկության։
Չարն էր շշնջում. «Չէ՞ որ ԱՍՏՎԱԾ ես,
Վա՛ր իջիր խաչից, հանի՛ր գամերը,
Նայի՛ր դու մորդ, եթե խիղճ ունես,
Ամոքի՛ր նրա սրտի ցավերը...»։
Եվ հանդիպեցին աչքերը Որդու
Ցավից տառապող իր մոր աչքերին,
Փշե պսակից արյունն էր հոսում,
Ու կաթկթում էր սրտին Մարիամի։
«Հիշի՛ր՝ ի՞նչ ասաց Սիմոն ծերունին.
«Քո սրտի միջից սուր պիտի անցնի»։
Այս խաչից եթե իջնեմ ես հիմա,
Ողջ մարդկությունը կորուստ կգնա»։
Եվ վերջապես… հասավ ժամը,
Պիտի մեռներ ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆ,
Սա էր միակ այն պայմանը,
Որով պիտի հաղթեր մահին։
Եվ այդ պահին մթության մեջ,
Անօգնական ու միայնակ,
Անպատմելի ցավերի մեջ
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆ խաչին գամված,
Անլու՜ր ցավերն իր մոռացած,
Առած մեղքը պիղծ աշխարհի,
Ճանապարհն էր հարթում արյամբ
Նաև գալիք սերունդների…
Ո՞նց էր լալիս Հոգին նրա.
Ա՜խ, ո՛չ մեկը չկորսվի՝
Աշխարհի մեջ այս անիրավ
Իր այնքա՜ն թանկ զավակներից։
Անիծյալ էր խաչի վրա,
Անգամ Հորից լքվա՜ծ, հեռու՜,
Աղոթում էր նա մեզ համար,
Կյանքի վերջին… վայրկյաններում…
Վերջին անգամ նայեց վերև,
Նայեց հեռու՜, դարերի մեջ,
Սիրեց նա մեզ հավերժորեն
Աստվածային սիրով Իր մեծ։
Անզոր ճիգով բարձրացնելով
Գլուխը թույլ՝ երկինք նայեց,
Աղաղակով իր հաստատեց
Մեղքից՝ ԱՍՏԾՈ զզվանքը մեծ։
…Եվ փշե պսակից արյունոտված,
Գլուխը խոնարհելով կրծքին՝ ավանդեց
Հոգին Հոր ձեռքերի մեջ։
Գարեգին Մխիթարյան