Կանգնե՛ք, մարդի՛կ
Աստծո բարկության խառնարանից ծուխն է մխում արդեն,
Դանդա՜ղ ելնում վերև, սարսափազդու այնպե՜ս,
Ես իմ կուրծքն եմ ծեծում և ձեր առջև կանգնել,
Խենթի նման գոչում. մարդի՛կ, կանգնե՛ք։
Կանգնե՛ք, մարդի՛կ, կանգնե՛ք, մտե՛ք ապաստարան։
Դուք մի՛ նայեք վրա՛ս և մի՛ ծաղրեք այդպես,
Ես ձեր վաղվա ցավից եմ այսօր խելագարվում,
Եվ ձեր առջև ծնկած՝ աղաչում եմ այնպե՜ս…
Կանգնե՛ք, մարդի՛կ, մի պահ,
ԱՍՏՎԱԾԱՇՈ՛ՒՆՉ բացեք…
Կանգնե՛ք, մարդի՛կ, կանգնե՛ք, մտե՛ք ապաստարան։
Պահն է հիմա. շուտով Իր ահարկու ձայնով
Ժայթքի պիտի Տիրոջ վճիռն համբերության,
Բայց իր կուրծքը հենել փլվող ամբարտակին՝
Ձեզ է կանչում ՀԻՍՈՒՍ՝ ելած խաչի վրա…
Կանգնե՛ք, մարդի՛կ, կանգնե՛ք, մտե՛ք ապաստարան։
Կաթկթում է Փրկչի Սուրբ Արյունը խաչից,
Փրկություն է կաթում Մարդուց Աստվածային։
Լցվում է արդեն Տիրոջ բաժակն համբերության,
Ժամն է վերջին, էլ մի՛ թողեք վաղվան։
Կանգնե՛ք, մարդի՛կ, կանգնե՛ք, մտե՛ք ապաստարան։
Գարեգին Մխիթարյան