Փառավոր հանդիպում

(Հռովմ. 8։18)
Ուրախությամբ մի օր պիտի դիմավորենք
Փրկչի գալուն, Փրկչի գալուն,
Եվ ամպերով պիտ համբարձվենք, պիտի ճախրենք
Երկինքներում, երկինքներում։
Մեր աչքերում արցունք այլևս
Պիտի չըլլա, պիտի չըլլա,
Տեր Հիսուս մեզ պիտ պարգևե ուրախություն
Հավերժական, հավերժական։
Պիտի ցնծանք շլացուցիչ լույսով լեցուն
Ճոխության մեջ, ճոխության մեջ,
Պիտ ունենանք հաղորդություն
Սուրբ Աստծո հետ, Սուրբ Աստծո հետ։
Եվ ցնծությամբ անմեկնելի,
Անպատմելի, անպատմելի,
Պիտ ժառանգենք հավերժություն
Տեր Հիսուսով երանելի, երանելի։
Պիտի ապրենք պալատներում
Արքունական, արքունական,
Պիտ վայելենք մեր Տեր Աստծուն
Նոր Եդեմում անապական։
Եվ պարտեզի ծաղիկները
Նուրբ շուրթերով զարմանալի
Պիտի երգեն օրհնյալ երգեր
Զմայլելի, զմայլելի։
Պիտի ճեմենք մենք թևանցուկ,
Փրկչի կրծքին սիրով փարված,
Պիտի լցվենք նրա սիրով՝
Քաղցր, և Սուրբ, և հայրական։
Պիտի բռնի մեր ձեռքերից,
Պիտի տանի Նա մեզ հեռու՜,
Չտեսնված ու չլսված
Բերկրանքները վայելելու։
Եվ հրճվանքի դարեր անվերջ Սուրբ Հոգու ճոխ լիության մեջ
Պիտ ցնծան մեր հոգիները փառաբանող սաղմոսներով,
Անլռելի տավիղների հոգեզմայլ մեղեդիներն
Օրհնյալ Փրկչի ձեռքերի մեջ կօրորեն մեզ փաղաքշանքով։
Եվ Աստծո Սուրբ խորանը՝
Սքանչելի, Սուրբ, երկնային,
Որ անունով Աստվածային՝ Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ,
Պատրաստված իր էրկան համար,
Զարդարված կույս հարսի նման,
Հավերժության մեջ լիալույս, անմարելի ու հրավառ,
Պիտի ըլլա բնակավայր հավերժական, հավերժական։
Եվ քաղաքում ոսկեհատակ,
Աստծո փառքով լեցուն, լեցուն,
Ուր դռներն են մարգարիտե՝ շլացուցիչ, պերճ ճոխությամբ,
Լույսի կարիք պիտի չըլլա, Գառնուկն է լույսն ամենեցուն,
Պիտ ճառագե հավերժորեն բյուր սրտերում, բյուր սրտերում։
Եվ իրար հետ մենք ձեռք ձեռքի,
Երրորդության հետ միասին,
Հոր և Որդու և Սուրբ Հոգու միության մեջ անզուգական,
Կհասկանանք միայն այնժամ
Միայն այնժամ կհասկանանք,
Թե ի՞նչ արժե խաչի վրա թափված Արյունն այն պատվական։
Կենաց Ջրի աղբյուրներից պիտի խմենք
Անմահական, անմահական,
Պիտ համբուրենք Հիսուս Փրկչի ձեռքերը Սուրբ՝
Օրհնությամբ լի, օրհնությամբ լի,
Եվ Գառնուկի Սուրբ հարսանյաց ճոխ ընթրիքին կանչվածները,
Վայելչությամբ անբիծ հարսի ճերմակափայլ բեհեզներով
Եվ կուսական խոնարհությամբ
Շառագունած, շառագունած
Դիմավորեն Փեսան պիտի
Արքայակա՜ն, Արքայակա՜ն։
Պիտ վայելենք մենք խնջույքի սեղաններից
Առատորեն, առատորեն,
Հրեշտակներ կսպասարկեն մեզ՝ սուրբերիս
Ուրախությամբ, ուրախությամբ։
Պիտի երգենք երգեր փառաց, փառաց Տիրոջն
Ալելույա՜, ալելույա՜,
Օվսաննաներ պիտ բարձրանան սուրբ շուրթերից,
Խունկի նման, խունկի նման։
Պիտ միանան երգչախմբին
Սերովբեներ, Քերովբեներ։
Ամպերի մեջ բարձունքներից պիտ ողջունե մեզ հայրաբար
Իր Սուրբ Արյամբ գնվածներիս
Քրիստոս Աստված, Քրիստոս Աստված,
Քրիստոս Աստված։
Ամեն։

Գարեգին Մխիթարյան