Հրաշալի Այբբենարան
1
Ոչ թե պարզապես հենց այնպես գրվեց…
Երկնքի՛ց իջավ, հրաշքով ծնվեց,
Ինչպես արևն է ծագում երկնքում,
Այնպես գեղեցիկ տեսիլքն այս ծագեց։
2
Իրոք, վերևից լույս ճառագայթեց,
Մաշտոց անունով մի օրհնյալ սուրբի,
Առաջին տառով Աստված մեծարվեց,
Վերջինով՝ Քրիստոս՝ Աստծո Որդին։
3
Ծաղիկների պես հայոց դաշտերի
Հայոց տառերի բուրմունքը ծաղկեց,
Ամեն մի տառի համն Աստվածային
Մարդկանց սրտերում վարդի պես բացվեց։
4
Այս տառերով է, որ Նարեկացին՝
Մարդկային ցեղի դեմքը եզակի,
«Մատյանը» գրեց երկունքի ցավով,
Համամարդկային հրաշքը Խոսքի։
5
Այս տառերով են գրվել բյուր ողբեր,
Եվ, ցավոք սրտի, որքա՜ն անգամներ,
Արյունոտվել են տառերն այս վսեմ,
Արցունքախառն արյունով գրվել։
6
Այս տառերով էլ թուղթը զարդարեց
Երգող վայերով ու խելագարվեց
Մեծ Կոմիտասը ճամփին Դեր- Զորի։
Ամեն մի տառից արցունքներ քամեց։
7
Բայց մենք հույս ունենք. հույսը չի մարում
Հավատքի հզոր երկնակամարում։
Այս տառերով է գրվել Խոսքն Աստծո՝
Ավետարանը ամենակարող։
8
Ես էլ իմ խոսքն եմ այսպես ավարտում,
Այս տառերով եմ հիմա հորդորում,
Եթե հոգնել ես, չես գտնում ելքը,
Ու չի բժշկվում քեզ տանջող վերքը,
9
Ուղղի՛ր հայացքդ Ավետարանին,
Այս տառ ու բանի մեծ գանձարանին,
Ուր դու կգտնես քո սփոփանքը,
Ուր կը բժշկվի քո տառապանքը։
Ուր դու կգտնես ճամփան փրկության,
Մխիթարող հույս հավիտենական։
Գարեգին Մխիթարյան