Գովաբանություն Աստվածաշնչի
Երկիրն անձև ու պարապ էր,
Եվ ջրերի վրա հզոր Աստծո Հոգին կշարժվեր
Վերից նայեց Ամենակալն ու հաճեցավ լույս արարել։
Զատվեցին ջրերն ու սահմանվեցին
Եվ կենդանության շնչով լցվեցին։
Ճարտարապետը Աստծո Բանն էր,
Ի սկզբանե փառքով Հոր քովն էր։
Նրա մի խոսքով այս հրաշագեղ ծաղկունքն արարվեց,
Բնությունը ողջ՝ իր բազմատեսակ կենդանությունով։
Եվ բնությունը Աստված լրացրեց,
Երբ իր պատկերով ստեղծեց մարդը։
Բայց արի ու տես Ադամ մենակ էր,
Եվ նրան անշուշտ խիստ հարկավոր էր մի հարմար ընկեր։
Եվ բարի Աստված Ադամի վրա խորը քուն բերեց
Ու նրա կողից Եվան պատրաստեց։
Բայց կողակիցը, որը կոչվեց կին,
Չհնազանդվեց Աստծո խոսքին,
Կերավ պարտեզի պտուղն արգելված,
Եվ փոխարենը գոնե զղջալու,
Շտապեց պտուղն Ադամին տալու։
Եվ վռնդվեցին դրախտ պարտեզից
Խաբված Ադամն ու խաբնված Եվան։
Եվ հենց այդ պահից մեղքը աշխարհում իր սերմն է ցանում։
Դժբախտ Աբելի արյունն էր հոսում,
Մայրը առաջին իր ողբն էր ողբում։
Ու լցվեց աշխարհն անարգ պղծությամբ,
Եվ հղփացել էր սիրտը մարդկության։
Իրենց պիղծ վարքով Աստծուն մոռացել…
Զայրացավ Աստված, որոշեց զարկել։
Սակայն բարի էր, բարի էր Աստված,
Վերևից նայեց ու Նոյին գթաց։
Եվ կառուցվում էր Տապանը Նոյի,
Ազդարարումը մեծ կործանումի
Խենթ էին կարծում ծերունուն թշվառ։
Ուր ջրի կաթիլ անգամ չէր թափվում,
Բայց Նոյ ծերունին նավ էր կառուցում։
Գալիք ահավոր ցավից կռացած,
Անտարբեր վարքից իրավ խենթացած,
Կանչում էր, կանչում Նոյը վշտալի,
Բայց կարծրացել էր սիրտը մարդկության,
Այդպես էլ մարդիկ չմտան տապան։
Եվ Աստված զարկեց։
Պատուհանները երկնի բացվեցի՛ն,
Եվ այն, ինչ որ կար, ջրի տակն անցավ։
Սակայն Հոր սիրուց հառնեց մի նոր կյանք.
Տապանը, անշուշտ, ցամաքին հասավ։
Եվ այն ամենը, ինչ տապանում կար՝
Մարդ թե կենդանի, բազմացան կրկին։
Սակայն արի տես, որ մարդը դարձյալ
Աստծո սերը ոտքի տակ առավ։
Բայց համբերում էր, համբերում Աստված,
Անչափ սիրում էր, կանչում էր Աստված։
Եվ Աբրահամով եկավ հայտնելու
Ճամփան հավատքով արդարանալու։
Աստված գործում էր բազում հրաշքներ,
Աստված խոսում էր ողջ մարդկության հետ,
Եվ դեռ չգործած հնարքը վերջին՝
Երբեք չէր առնում Նա մարդու հոգին։
Բայց անօրենք էր մարդը տակավին,
Խղճմտանքով չէր գտնում ճիշտ ուղին։
Եվ մեղքերի մեջ կորսված մարդուն,
(Իր պատկերովն էր. խիստ շատ էր սիրում)
Որոշեց մեղքը օրենքով հայտնել։
Օրենքն ասում էր, թե չի կարելի,
Սակայն արի տես, որ «չի կարելին»
Չէր կարող փրկել մարդ արարածին։
Մարդը օրենքով փորձում էր, փորձում,
Սակայն օրենքն էլ մարդուն չէր փրկում։
Եվ գնում էր Մովսեսն ահա՝
Խառնվելու հավերժության,
Վկայում էր նա դեռ հեռվից,
Լույսի մասին մեծ փրկության։
Ու քայլում էր մարդկությունը
Աշխարհ կոչված անապատում՝
Ի սկզբանե անբուժելի, ադամական մեղքով լեցուն։
Չէին օգնում օրենքներն էլ.
Կարծես վախը վաղուց արդեն
Պատժին սովոր մարդու համար
Սովորական բան էր դարձել։
Եվ քայլում էր քարավանը՝
Լու՜ռ տնքալով մեղքի բեռից,
Քարշ էր տալիս լուծն իր ծանր,
Ու ելք չկար ոչ մի տեղից։
Բայց Իր Հոգին Աստված մարդուն
Կորստի համար Չէր, որ տվեց
Եվ նայում էր Հայրը վերից
Փնտրում բազու՜մ, բազում ելքեր։
Ու Դավիթն էր Հոգով երգում
Աստծո որդու հարությունը,
Հեռվից հեռու վկայում էր
Մարդկության մեծ փրկությունը։
Եվ Եսային զորությունով
Հույս էր տալիս խեղճ մարդկության,
Որ պիտի գա Իշխանը մեծ,
Ազգերն անոր պիտի հուսան։
«Ահա մեզ մի մանուկ ծնավ,
Իշխան ծնավ խաղաղության,
Պիտի կոչվի Խորհրդակից,
Պիտի կոչվի Հզոր Աստված»։
Բայց տանջվում էր մեղքի ձեռքին
Քարավանը ողջ մարդկության,
Ու չէր փրկում նրան ոչինչ,
Ո՛չ օրենք և ո՛չ պատվիրան։
Նայում էր Տերը ու մարդուն խղճում,
Որն օրենքի տակ ինչպես էր խեղդվում։
Իսկ Երեմիան հեռվից հեռու՜
Հորդորում էր մեղկ մարդկության.
Մի ճանապարհ պիտի բացվի,
Մի Շառավիղ Արդարության։
Եվ Դանիելն է մեզ վկայում։
Շրթունքներով թագավորի,
Բոցավառված հնոցի մեջ
Քայլող Աստծո Որդու մասին։
Կրակի մեջ խիստ թեժացած
Այնտեղ նետված Եղբայրներին
Պահպանում էր Իր զորությամբ
Հզոր Աստծո Հզոր Որդին։
Սակայն, ավաղ, դեռ տանջվում էր
Քարավանը անապատում,
Օրենքների ծանր շղթան
Թշվառ մարդու կուրծքն էր ծեծում։
Բայց և Հայրը զորությունով,
Միքիայի շրթունքներով
Գալիքի մեծ փրկությունն էր
Պատմում տանջվող մարդկությանը։
Զաքարիան ցույց էր տալիս
Վերքերը այն Սուրբ Ձեռքերի,
Որ գամվեցին խաչի վրա
Եվ սրբեցին մեզ մեղքերից։
Անչափ հոգնած, հուսալքված,
Ամենօրյա մեղքի ցավից
Լուռ տնքում էր անօգնական՝
Մեղքի ծովում ադամորդին։
Եվ Մաղաքիան վերջին պահին
Սփոփանքի խոսքերով լի
Հուսադրում էր թշվառ մարդուն
Այս խոսքերով սքանչելի.
«Արդարության Արեգակը
Շուտով պիտի ծագի վերեն,
Եվ մենք նրա լույս թևերին
Բժշկություն պիտի գտնենք»։
Եվ վերջապես բազում դարեր
Աստծո Հոգով մարգարեներն
Ցույց էին տալիս Տեր Հիսուսին.
Աշխարհ մտավ Էմմանուէլ։
Աստված մարմնով հայտնվեցավ։
Եվ Հովհաննեսը Հորդանան գետում
Կանչում էր մարդկանց «իժի ծնունդնե՜ր»,
Ովքեր այսօր էլ սրտով կարծրացած
Մերժում են Տիրոջ հրավերքը մեծ։
Ապաշխարեցեք, քանի դեռ ուշ չէ,
Ահա կրակն է վառվում հնոցում,
Արքայությունը երկնքի մո՜տ է,
Դարձե՛ք, որպեսզի գտնեք փրկություն։
Ահա տեսնում եմ գառը փրկության,
Որ պիտի վերցնի մեղքը մարդկության։
Խոնարհությունը ողջ վայելչությամբ,
Անսահման սիրով, բարությամբ լեցուն,
Որ պիտի գամվեր խաչին հաշտության,
Հիսուս անունով աշխարհ էր մտնում։
(Այս էր Հոր կամքը և սուրբ էր այնքա՜ն…)
Մարմնով աշխարհ եկած Հիսուս
Կամքի առաջ ծունկի եկավ
Ու մկրտվեց Հորդանանում։
Եվ Սուրբ Հոգին զորությունով,
Հզոր Աստծո հայտնությունով
Վկայություն եղավ մարդկանց,
Որ բոլորս լսենք Նրան։
Քայլեց Հիսուս երկրի վրա
Հրաշքներով իր անհամար՝
Մեզ ցույց տալով, որ փրկության
Միակ ճամփան Ի՛նքն է միայն։
Գաղտնիք բացեց Նա մարդկության՝
Որ չե՛նք տեսնի երկնի ճամփան,
Թե երկնքից իջած Հացին
Չհաղորդվենք վերստին ծնված։
Եվ հաստատեց, որ մարդկության
Քավությունը պիղծ մեղքերից
Կլինի սո՛սկ Իր Սուրբ Արյամբ.
Ի՛նքն է կյանքը հավիտենից։
Բազու՜մ դարեր խարխափելով՝
Մարդիկ Հորն էին ուզում տեսնել.
Որդին եկավ Հոր բնույթով,
Ասաց. «Ես ու Հայրը մեկ ենք»։
Բայց ի՜նչ եղավ… Այս ամենին
Երախտամոռ մարդկությունը.
Իր ձեռքն առած մուրճ ու մեխեր,
Խաչին գամեց Սրբությունը։
Եվ երբ դրեցին Նրան գերեզման,
Բոլոր հույսերը փշրվեցին,
Ինչպես գառներն առանց հովիվ,
Ինչպես մանուկներն առանց մայր։
Ամեն բան վերջացած համարեցին,
Անհույս, միայնակ և անմխիթար։
Երբ ամենքը խռովահույզ,
Այնքան հոգնած, խիստ տագնապած,
Մտածում էին՝ ինչ պիտի լինի,
Հիսուս Ինքը հայտնվեց հանկարծ։
Եվ շուրջբոլորը խիստ ապշահար,
Առաքյալներն ծունկի իջած,
Հարությունն էին աչքով տեսնում
Մարմնով հայտնված Աստծո Որդու։
Եվ քիչ հետո Թովմասն անզոր՝
Մարդկանց միջից առաջինը,
Ծնկի եկած հայտարարեց
Աստծո՝ մարմնով հայտնությունը
«Իմ Տերս և իմ Աստվածս»։
Եվ վերջապես եկավ օրը.
Պիտի ելներ Աստծո Որդին
Այնտեղ՝ Հոր մոտ, որտեղից որ
Քրիստոս մարմնով իջավ երկիր։
Հիսուս գիտեր՝ առանց Իրեն
Կմոլորվեր մարդու որդին,
Եվ խոստացավ ուղարկելու
Մխիթարիչ Իր Սուրբ Հոգին։
Եվ երբ հավաքված մեկտեղ, միաբան,
Աստծո Որդուն էին փառավորում,
Հանկարծ շարժեց հիմքը վերնատան
Հզոր Սուրբ Հոգու զորությունը։
Ինչ կրակ էր վառվում. ահա
Վերնատունն էր բոցավառվում,
Վկայում էր Աստծո փառքը
Իսրայելին բազմալեզու։
Այս ի՜նչ բան է. դարերի մեջ
Երբեք չեղած, չտեսնված.
Մարդու լեզվով Աստված խոսում,
Բարեխոսում մարդուն՝ Աստված։
Անցան դարեր, Փրկչի արյամբ
Բարեխոսը՝ մեր Սուրբ Հոգին,
Ճանապարհն է հարթում հիմա
Սուրբ լինելու կանչվածներիս։
Օրհնյալ լինի Հայր Աստծո Հզորությունը,
Մեր Տեր ու փրկիչ Հիսուս Քրիստոսի փառավոր Հարությունը
Եվ Սուրբ Հոգու զորությունը՝
Տիեզերական միակ, ճշմարիտ գեղեցկությունը՝
Անզատելի, երեք, բայց՝ մի՝
Սուրբ Երրորդությունը։
ԱՄԵՆ
Գարեգին Մխիթարյան