Աղոթք
Առջևդ ահա ծունկի եկած՝
Աղերսում եմ, ո՜վ Տեր Աստված,
Արթնացրո՛ւ ինձ, մի՛տքս բացիր,
Ճոխությունդ ողջ հասկանամ…
Ավելացրո՛ւ հավատքս, Տե՛ր,
Որ իսկապես Քեզ հավատամ,
Կասկածները ինձ չխախտեն,
Տեսնեմ այնպես, ինչպես որ կաս։
Որ շուրթերով չպաշտեմ Քեզ,
Որ հենց այնպես «Դու կա՛ս» չասեմ,
Որ Քեզ զգամ, Տե՛րս, այնպես,
Ինչպես կզգաս Դու Ի՛նքդ, մեզ։
Ողորմյա՛ ինձ, ով Հզորս,
Պաշտամունքս Դու ես միայն,
Լրիվ բացի՛ր աչքիս առաջ
Այս աշխարհի դեմքը ունայն։
Որ մտքերս՝ չար, անխոհեմ,
Չպղտորեն սիրտս տկար,
Որ տրտմության թմրության մեջ
Չլինեմ Քեզ անհնազանդ։
Թող փրկության լուրդ բարի
Հոգուս խորքում ձգի արմատ,
Ու ծառ դառնա, բեռնավորվի
Պտուղներով իր անարատ։
Տե՜ր, ավելցո՛ւր մեջս վախը,
Որ դողալով կյանքս անցնեմ,
Չթուլանամ՝ դեռ չսկսած,
Թեթև քամուց չնահանջեմ։
Սիրով լեցուր սիրտս անսեր.
Չարիքի դեմ չչարանամ,
Այցելի՛ր ինձ, ողորմած Տեր,
Որ օրհնությամբ Քո զորանամ։
Չար վարմունքս թե բորբոքե
Արդարացի վրդովմունքդ,
Կաղաչեմ Քեզ, որ վերհիշես՝
Հողից սերված մի ոչինչ եմ։
Եվ հայտնապես ես ամենքին
Իմ մեղքերն եմ խոստովանում,
Երևույթով թե պատվելի,
Բայց եղել եմ մեղքին գերի։
Բայց լսելով սիրուդ մասին,
Աղերսանքով կառչած հույսից,
Փարված, Հա՛յր, Քո ողորմության,
Աստվածային Քո գթության,
Դարձած հիմա համակ զղջմունք,
Գետնատարած արջևդ ընկել,
Չորցած աչքով, անարտասուք,
Աղերսանքով ձեռքս եմ մեկնել։
Շտկի՛ր, Հա՛յր իմ, կոտրած ծնկներս
Եվ ամրացրո՛ւ հյուծված ձեռքերս,
Բաժին հանիր, Հա՛յր իմ բարի,
Քո սեղանի փշրանքներից։
Եվ թե կուզես ինձ շտկել, Հա՛յր,
Միայն այնպե՛ս շտկիր, Տե՛ր իմ,
Լինես սրտումս արմատ ձգած,
Ոչ թե անուն՝ սոսկ շուրթերիս։
Մեծապատիվ ու գովելի,
Վսեմաշուք, անպատմելի
Աստվածային Քո ճոխությամբ
Միայն Դո՛ւ ես միշտ պատվելի։
Տե՛ր, չեմ տեսնում Քո աչքերում
Մարդուն վայել անգթություն։
Ուստի համակ հրճվանք դարձած,
Քո մեծ սիրուց ամուր կառչած,
Թույլ ձեռքերս կարկառած վեր՝
Ողորմությունդ եմ աղերսում, Տեր։
Լվա՛, սրբի՛ր ու զարդարի՛ր
Անարգանքի անոթն այս պիղծ՝
Աստվածային Քո ճոխության
Խիստ արժանի վայելչությամբ։
Որ երբ հանկարծ Դու հայտնվես
Այն Մեծ Օրում Քո Գալուստի,
Չդողդողամ կանգնած առջևդ,
Հպարտությամբ կոչվեմ որդիդ։
Գրկես Դու ինձ, ա՜խ, երանի,
Ու Հայր կոչվես անարժանիս,
Առնես գիրկդ, տանես հեռու…
Ընդմիշտ Քեզ հետ...
Հավերժությու՜ն…։
Գարեգին Մխիթարյան