Տե՛ր Հիսուս, թե չծնվեիր
Թե չծնվեիր, սրտիս մեջ երբեք լույսը չէր ծագի,
Ներսումս կյանքը նման չէր լինի արևածագին,
Թե չծնվեիր, չէի հաղորդվի ես այս նոր կյանքին,
Եվ չէին բացվի ճերմակ ծաղիկներ իմ փշոտ ճամփին։
Թե չծնվեիր, իմ աչքերի մեջ
Այս պարզ նայվածքը երբեք չէր լինի,
Եվ հոգուս խորքում հավիտենական
Հույսի հրճվանքն ու սերը չէր լինի։
Մարդկանց նկատմամբ երկնային կյանքի
Վերաբերմունքի համը չէր լինի,
Խավարից դեպի լույսն առաջնորդող
Այս բարի կամքը երբեք չէր լինի։
Թե չծնվեիր, այդ ո՜վ էր, արդյոք, հոգսս մեղմելու,
Հիվանդության կամ տառապանքի մեջ ուրիշ էլ ո՜վ էր ցավս տանելու,
Եվ լեռնակուտակ վշտի խավարը այդ ո՜վ կարող էր արդյոք ցրելու,
Մեղքերիս բեռը այդ ո՞վ էր ինձնից սիրով վերցնելու։
Թե չծնվեիր, Ճշմարտությունը արդյոք ո՞վ պիտի ինձ սովորեցներ,
Սուրբ կյանքից բխող արդարությունը սրտիս մեջ լցներ
Եվ առաջնորդեր սրբության, սիրո ու անկեղծության,
Այսքա՜ն եղբայրներ և այսքա՜ն քույրեր ով կպարգևեր։
Ով ինձ կբացեր ներսումս եղած բնությունն ահեղ,
Առյուծանման, մահ առաջնորդող մեղքը չարաղետ,
Եվ ո՜վ կարող էր ինձ ազատագրել նրա ձեռքերից,
Որ ինձ տանում էր դեպի կորստյան դժոխք ամեհի։
Ով կշնորհեր վերստին ծնունդ Քո Կենաց Խոսքից,
Ով կմկրտեր հզոր Սուրբ Հոգով՝ իջած երկնքից,
Եվ ով ինձ կտար թշնամուն սիրող հրաշք- զորություն,
Եվ ապերախտին այդ ո՜վ ինձ կօգներ անել բարություն։
Սրով դեռ ոչ ոք չկարողացավ
Գրավել աշխարհն ու չի էլ կարող,
Բայց գրավել ես ողջ աշխարհն ահա
Դու քո մեծ սիրով ամենակարող։
Ծնկներիս վրա Քեզ փառք եմ տալիս, որ աշխարհ եկար,
Թողած փառքերդ, օվսաննաներդ՝ ինձ պես մարդացար,
Կենաց ջուր բերիր, Օ՜, Աստվածային ծնո՛ւնդդ բարի,
Մարդասե՛ր միայն, Դու միմիայն Սե՛ր, Փրկի՛չ աշխարհի։
Գարեգին Մխիթարյան