Սիրեցե՛ք իրար, ինչպես Ես ձեզ սիրեցի
1
Մենք ճշմարտապես եղբայր- քույրեր ենք,
Սակայն շատերս լավ չենք հավատում,
Որ մենք իսկապես եղբայր- քույրեր ենք.
Մեզ Սուրբ Արյունն է հարազատացնում։
2
Ձեռքդ տու՛ր հիմա, դու իմ թա՛նկ եղբայր,
Եվ տես, թե ով ենք մենք իրար համար։
Նույն Հորից ծնվել, նույն խոսքով սնվել,
Նույն արցունքներն ենք իրար հետ թափել։
3
Իրար կողք կողքի, երկա՜ր տարիներ
Սիրով և լացով աղոթք ենք արել։
Որքա՜ն անգամներ եմ հիվանդացել.
Չէ՞ որ հենց դու՛ ես ինձ այցի եկել։
4
Հիսուսի կրած անլուր ցավերը
Մեզ միացրել, մեկ են դարձնում,
Բայց մեր վարմունքով իրար նկատմամբ
Այս մեծ, սուրբ գործին լավ չենք հավատում։
5
Որքա՜ն անգամներ դու ցավ ես կրել.
Չէ՞ որ հենց ես եմ քո ցավը կրել,
Որքա՜ն տարիներ ապրել իրար հետ,
Որքա՜ն անգամներ իրար հոգ տարել։
6
Եվ թե ինչ –որ տեղ իրար հետ բախվել,
Խոստովանվել ենք, մեկմեկու ներել։
Նույն սեղանին ենք Սուրբ Հացը կերել,
Ծնկի ենք եկել, ոտքեր լվացել։
7
Մենք համբուրում ենք մեկմեկու, եղբա՛յր,
Տեսնում ես՝ ո՞վ ենք մենք իրար համար։
Մի՛ հրիր այնպես, որ ես քեզ ատեմ,
Որ հետո զղջամ, տառապեմ, լացեմ։
8
Սակայն դեռ ուշ չէ, դուռը միշտ բաց է,
Այսօր կարող ենք վերանորոգվել,
Կարող ենք զղջալ և խոստովանվել,
Եվ ճշմարտություն խոսել սրտի մեջ։
9
Թե լա՛վ հավատամ, որ իմ եղբայրն ես,
Աչքիդ արցունքը անշուշտ կտեսնեմ,
Ներքին սենյակում իմ աղոթքներով,
Սիրո ձեռքերով զգու՜յշ կսրբեմ։
10
Դու էլ ձեռքերդ կդնես վերքիս,
Քաղցր խոսքերով վերքս կբուժես,
Ինձ կհամարես քեզ շատ սիրելի,
Սրտանց ջանք կանես հոգսերս կիսել։
11
Ինձնից մի՛ խլիր խաղաղությունս,
Մի՛ փախցրու իմ գիշերվա քունը,
Աշխատի՛ր շոյել (ապտակող շատ կա).
Մեր հոգու խորքում շատ հոգս ու ցավ կա։
12
Նույն Արյան գինն ենք. որքա՜ն անգին ենք,
Երուսաղեմի պատվական քարեր...
Եվ Սուրբ քաղաքի ընտիր պատերը
Մեր Տեր Հիսուսն է ձեռքերով շարել։
13
Թե լա՛վ հավատամ, որ իմ եղբայրն ես
Որքան երկյուղով ես կզգուշանամ,
Երբ որ արտասվես, հետդ կլացեմ,
Երբ ուրախանաս, հետդ կցնծամ։
14
Կայենի նման քեզ չեմ սպանի,
Կբարեխոսեմ Հիսուսի նման,
Սրտիս մեջ թաքուն չեմ արհամարհի
Չեմ նախանձի քեզ Սավուղի նման։
15
Դու քեզ ինձանից բարձր չես դասի,
Ծառայի նման դու քեզ կպահես,
Իմ ցավերից քո սիրտն էլ կցավի,
Մի օր չտեսնես, ինձ կկարոտես։
16
Մենք մեծանում ենք իրար հետ, եղբա՛յր,
Մենք իրար հետ ենք դանդաղ ծերանում...
Երբ որ գալիս է օրը պատվական,
Մենք իրար մոտ ենք նույնիսկ... մահանում։
17
Դե՛, էլ ի՞նչ ասեմ, խոսքերը շատ են,
Բայց լավ է սիրել, քան խոսքեր շարել,
Երբ որ գնաս տուն, մի՛ քնիր իսկույն,
Մտածիր՝ ու՜ր ես և ու՜ր ես գնում։
Գարեգին Մխիթարյան