Երազ

Քանզի ինչպես մարմինը առանց հոգիի մեռած է, նույնպես
ալ հավատքը առանց գործերի մեռած է։ Հակոբու 2։26
Ես դեռ երբեք այսպես երազ չէի տեսել.
Իբր մարմնով երկինք բարձրացել,
Սպասում էի դռների առաջ,
Ուր բազմություն կար մի մեծ հավաքված։
Երկա՜ր, շա՜տ երկար սպասելուց հետո
Ականջիս հասավ անունս հանկարծ։
Եկան, կապեցին աչքերս շորով
Եվ ինձ ներս տարան թևանցուկ արած։
Աչքերս բացի և ես ինձ գտա
Մի մեծ սենյակում, ուր ոչ ոք չկար..
Դռներն ու պատերն ամենն ապակուց.
Տեսնում էի ես իմ սենյակից դուրս…
Եվ պատից այն կողմ տեսա բազմություն,
Սեղաններ շարված, մե՜ծ ուրախություն,
Ի՜նչ կերակուրներ խիստ անպատմելի,
Մի մեծ լույս փայլուն շատ զարմանալի։
Փորձեցի ես էլ մոտենամ նրանց,
Բայց փակ էր, ավա՜ղ, դուռ և պատուհան,
Սովն էր սկսել տանջել մի կողմից,
Ծարավի մասին արդեն խոսք չկար…
Մոտեցա անկյան մեծ պահարանին,
Բացեցի դուռը, դատարկ էր լրիվ,
Նկարներ տեսա, և, այ քեզ զարմանք,
Նկարները իմ եղբայր, քույրերի։
Եվ հանկարծ նկարն իմ եղբոր խոսեց,
Որի խնդրանքը չէի կատարել.
- Այն գումարը, որ քեզնից խնդրեցի,
Ի՞նչ եղավ, եղբա՛յր, սպասում եմ դեռ։
Մեկ ուրիշ քույրիկ հանկարծ ձայն տվեց…
Ա՜խ, այդ խեղճ քույրը ծանր հիվանդ էր,
Քանի անգամ էր անունս տվել,
Մեկ անգամ գոնե չէի այցելել։
Դիմացս ելավ իմ այն ծեր քույրը,
Որին բժշկի տանել խոստացա,
Ասաց. «Մրսում եմ, եղբա՛յր իմ, ու՞ր ես,
Քեզ եմ սպասում փողոցում կանգնած»։
Եղբորս տեսա այն նորահավատ,
Որին սեր էի քարոզել հաճախ,
Ասաց. «Եղբա՛յր իմ, այդ ինչպե՞ս եղավ,
Երբ ես ննջեցի, հրաժեշտի չեկար»։
Փոքրիկին տեսա ես այն մահացած,
Եկավ, փարվեց ինձ խիստ ուրախացած,
Ասաց. «Եղբա՛յր իմ, ի՜նչ լավ եղավ, որ
Չուղարկեցիր ինձ դեղը հարկավոր,
Չէ՞ որ գուցե ես առողջանայի,
Հիսուսին այսքան շուտ չտեսնեի»։
Եվ մուրացկանին տեսա այն թշվառ,
Երկու ոտքերը ծնկներից կտրած,
Իր միակ ձեռքով նա փող էր մուրում՝
Ասելով. «Եղբա՛յր, ի՞նչ ես հապաղում»…
Ճակատիս սառը քրտինք էր պատել,
Ոնց էի ուզում սա շուտ վերջանար,
Ծարավն ու սովն էլ սկսեցին տանջել,
Իսկ կերակուր դեռ ինձ տվող չկար…
Կերակուր էին վաճառում դրսում,
Բայց գրպաններիս մեջ դրամ չկար,
Մի եղբայր կանչեց. «Գնա՛ և հանի՛ր
Գանձանակի քո դրամը, եղբա՛յր»…
Ո՜նց ուրախացա (ելքը գտնվեց),
Որ քաղցս շուտով պիտի հագենար,
Եվ երբ մոտեցա, ձեռքս տարա ներս,
Դատարկ էր լրի՜վ, ոչ մի բան չկար…
Եվ, ա՜յ քեզ զարմանք, տուփն այդ գեղեցիկ
Լեզու առավ ու սկսեց խոսել.
«Անտարբեր էիր անցնում իմ կողքից,
Մի՛ փնտրիր դու այն, ինչ որ չես դրել»…
Ես սկսեցի հանկարծ բղավել.
Քանզի այլևս ուրիշ ճար չկար,
- Տե՛ր. Քո անունը շատ եմ քարոզել,
Պաշտամունքներին եղել եմ ներկա։
Եվ ինձ բերեցին մի թղթապանակ՝
Հոգևոր կյանքիս գործերով լցված։
Հույսով բացեցի ես, սակայն, ավա՜ղ,
Նայում էին ինձ թղթերը դատարկ…
Ո՛չ գութ կար, ո՛չ գործ, ո՛չ ողորմություն…
Ես ուշ հասկացա Տիրոջ խոսքերը,
Թե դատաստանին ի՞նչն է պարծենում.
«Ողորմությունը»,- ասում է Տերը։
Եվ ես ասացի եղբայր, քույրերիս,
Այնտեղ ունեի դրամ հավաքած,
Գնամ և բերեմ ու տամ բոլորիդ,
Բայց մի ձայն կանչեց. «Շա՜տ ուշ է հիմա»։
Հիշո՞ւմ ես արդյոք, որ ամեն խոսքից
Խռովում էիր չարությամբ լցված,
Ո՞նց էիր երես թեքում բոլորից.
Մոռանում էիր ուխտդ առ Աստված։
Երեսիդ գույնը փոխվում էր հաճախ
Ծիածանի յոթ գույների նման,
Երեկվա խոսքը քո բերնից ելած
Չէր համընկնում քո խոսքին այսօրվա։
Ձայնը դադարեց, իջավ լռություն…
Մի ցավ էր պատել մարմինս համակ,
Ու ոսկորներս փշրվում էին։
Հանկարծ սենյակիս լույսերը հանգան,
Ուրվականներն ինձ շրջապատեցին։
«Թողե՛ք ինձ՝ գնամ, բա՛ց թողեք հիմա,
Ա՜խ, մի՛ խեղդեք ինձ, վառե՛ք լույսերը,
Այս ի՞նչ է սողում մարմնիս վրա,
Այս ո՞ւմ մատներն են հանում աչքերս...»։
Եվ հենց այդ պահին լույսեր վառվեցին
Եվ ինձ ժպտացին եղբայր, քույրերս.
«Բախտավոր ես դու, եղբա՛յր,- ասացին,
Որ սա երազ է, ոչ թե իրական»…
Վեր թռա տեղից։ Քրտինքն էր պատել
Ամբողջ մարմինս սառը օձի պես,
Սիրտս ուզում էր իր տեղից պոկվել,
Եվ մեկը չկար՝ ինձ մխիթարեր։
Ու մեկից հանկարծ խենթացա կարծես,
Ուրախությունից այն անակնկալ,
Որ սա իսկապես միայն երազ էր,
Եվ իմ առջևում դեռ ժամանակ կա։
Այսօր կարող է մեռնես…, հասկացի՛ր,
Առանց գործերի ո՞ւր ես գնալու,
Ամեն քնելուց մի պահ մտածիր,
Որ վաղը գուցե… չես արթնանալու…
Ուստի կարդում եմ Աստծո խոսքն արդար.
Գործով է հավատքը երևալու,
Եվ դատաստանին քեզ համար միայն
Ողորմությունն է պարծենալու…։

Գարեգին Մխիթարյան