Ինչի՞ համար ես դու ապաշխարել
Մատթեոս 3։8
Ուրեմն ապաշխարութեան արժանավոր պտուղ բերեք։
1
Ինչի՞ համար ես դու ապաշխարել,
Արդյոք երբևէ քեզ հա՞րց ես տվել,
Արդյոք խորհե՞լ ես դու լուրջ այդ մասին,
Ինչի՞ համար ես դարձել Հիսուսին։
2
Որպեսզի լինես մի փարիսեցի՞,
Թե՞ ապրես ինչպես զավակ Հիսուսի,
Ապաշխարել ես Կայե՞ն դառնալու,
Թե՞ քո Աբելով ուրախանալու։
3
Ապաշխարել ես՝ Աստծուն փառք տալու՞,
Թե՞ Աստծու փառքը նուրբ գողանալու,
Որ նորից դառնաս դու քո փսխածի՞ն,
Թե՞ հավատարիմ լինես Հիսուսին։
4
Ինչի՞ համար ես դու ապաշխարել,
Գոնե մեկ անգամ քեզ հա՞րց ես տվել,
Որ հիվանդանամ, դու ինձ բժշկե՞ս,
Թե՞ հոգուս ցավ տաս ու հիվանդացնես։
5
Որ Սիմոնի պես մոգությո՞ւն անես
Սավուղի նման նախանձից պայթե՞ս,
Նախանձի թույնով թունավորվելո՞ւ,
Թե՞ այդ չար ախտից հրաժարվելու։
6
Արդյոք երբևէ քեզ հա՞րց ես տվել՝
Ինչի՞ համար ես դու ապաշխարել,
Որ քայլես ինչպես մի իշխանուհի՞,
Թե՞ լինես քույրիկ օրինակելի։
7
Որ լինես Կայե՞ն, թե՜ լինես Աբել,
Լինես Իսահա՞կ, կամ թե՞ Իսմայել,
Իսմայելի պես վայրի մա՞րդ դառնաս,
Թե՞ սիրող եղբայր, նաև հայր դառնաս։
8
Ապաշխարել ես թագավորելու՞,
Թե՞ եկեղեցում ծառա լինելու։
Անդունդի ձորը մեկին հրելու՞,
Թե՞ խորը փոսից նրան հանելու։
9
Գոնե մեկ անգամ քեզ հա՞րց ես տվել,
Արդյոք ինչու՞ ես դու ապաշխարել,
Ապաշխարել ես շողոքորթելու՞,
Թե՞ շողոքորթին դարձի բերելու։
10
Ի՛մ քույր ու եղբայր, լուրջ հա՞րց ես տվել՝
Արդյոք ինչու՞ ես դու ապաշխարել։
Լինես Անա՞նիա, լինես Սափի՞րա,
Թե՞ Սուրբ Ակյուղաս, կամ Սուրբ Պրիսկիղա։
11
Թույլ, տկար մեկին գայթակղեցնելու՞,
Թե՞ կենաց խոսքով զորացնելու։
Արդյոք ինչու՞ ես դու ապաշխարել,
Քո սրտի խորքում քեզ հա՞րց ես տվել։
12
Որ լինես Հակո՞բ, թե՞ լինես Եսավ,
Որ հետո դառնաս ինքդ քեզ մեծ ցավ,
Որ Եսավի պես ինքդ քեզ ծախե՞ս
Հուդայի նման ցավալի խածնե՞ս։
13
Լինես Սեմե՞ի հաճախ քարկոծող,
Թե Ստեփանոս՝ քարերը կրող,
Զրկվածներին սիրով փրկելու՞,
Թե՞ նոր զրկվածներ ավելացնելու։
14
Ինչի՞ համար ես դարձել Հիսուսին,
Որ երկրպագեն քեզ և քո ես-ի՞ն,
Որ երկրպագեն քեզ ինչպես կուռքի՞,
Թե՞ սիրտդ մաքրես դու չար կուռքերից։
15
Ինչու՞ ցանկացար ապաշխարելու,
Լինելու Դավի՞թ, Սավու՞ղ լինելու,
Բամբասանքի մեջ մեկին հրելու՞,
Թե՞ բամբասանքից ազատագրելու։
16
Ապաշխարել ես, որ ցավս տանե՞ս
Թե՞ որ ինձ ցավ տաս, քեզանից վանես,
Որ իմ աչքերի արցունքը սրբե՞ս
Թե դառն արցունքներ աչքիցս քամես։
17
Որ կողքս նստես և ինձ չտեսնե՞ս,
Թե՞ հեռվի՜ց տեսնես և գիրկս վազես։
Անքուն գիշերնե՞ր պարգևելու ինձ,
Թե՞ խաղաղություն քաղցր, երկնային։
18
Ինչի՞ համար ես դու ապաշխարել,
Ինչի՞ համար ես Հիսուսին դարձել,
Սգավորներին մխիթարելու՞,
Թե՞ կոտրվածին նորից կոտրելու։
19
Երբ կա սիրել, ինչու՜ ատել,
Համբուրել կա, ինչո՜ւ խածնել,
Երբ կա անկեղծ սրտանց ցավել,
Ինչի՞ համար իրար դավել։
20
Բարևել կա, ջե՜րմ բարևել,
Ինչի՞ համար արհամարհել,
Երբ կա ցորեն, ընտիր ցորեն,
Ինչի՞ համար որոմ ցանել։
21
Կա ճշմարիտ խաղաղություն,
Ուր կա լեցուն սեր, խնդություն,
Ինչու՞ սարքել խաղաղություն,
Ուր կան զոհեր ու դառնություն...
22
Այսպես շարունա՜կ, անվերջանալի
Ադամի միջի կյանքը չարաղետ,
Նաև անհատակ և անչափելի,
Հիսուսի միջի Սերն աստվածային։
Պարզապես պետք է քեզ լուրջ կանգ առնել,
Հարց տալ. «Ինչու՞ եմ ես ապաշխարել...»։
Գարեգին Մխիթարյան